Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ

Ցավի, ափսոսանքի, հիացմունքի, հպարտության, տխրության և ամոթի իրարամերժ, հակասական զգացումներ
05.12.2017 | 17:54

(Նախորդ մասը)

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի ավարտական դասարաններում սովորելիս Անաստասը ապրում էր իր մոր մորաքրոջ աղջկա՝ Վերգինյա Թումանյանի տանը, որի ամուսինը` Լազարը (անձնագրով Գաբրիելը), մեծ բանաստեղծի ազգականներից էր: Նրանց ավագ դուստր Աշխենը մեկ տարով փոքր էր Անաստասից, և նրանք հասցրել էին սիրահարվել միմյանց, ու մի անգամ Անաստասը, այլևս չդիմանալով, բացել էր սիրտը և սիրո խոստովանություն արել, որին Աշխենը պատասխանել էր նույնպիսի խոստովանությամբ: Եվ նրանք, չնայած ավագների անհամաձայնությանը և ամուսնության դեպքում հայերի մոտ ընդունված «յոթ պորտից ավելի» ազգակցական հեռավորության պահանջը չբավարարելուն, որոշեցին ամուսնանալ և, 1921 թվականից մինչև 1962 թվականը, Աշխեն Լազարևնայի մահը, 41 տարի ապրեցին բացառիկ սիրո, փոխադարձ հարգանքի և համերաշխության մթնոլորտում: Անաստաս Իվանովիչի և Աշխեն Լազարևնայի անունները պարկեշտ, արժանապատիվ պահվածքի, մաքրակենցաղ վարքուբարքի խորհրդանիշ էին, և երբեք նրանց անունները չհոլովվեցին անվայել պատմություններում, սիրային արկածներում, կրեմլյան «ասեկոսեներում», որոնց պակասը երբեք չկար, քանզի այս աշխարհի ուժեղների մեջ ո՛չ Կրեմլի դոնժուաններն էին պակաս, ո՛չ էլ ազատ սիրո ջատագով Ալեքսանդրա Կոլոնտայի կողմնակիցները:


Անաստասն ու Աշխենը համատեղ կյանքի առաջին ութ տարում հինգ արու զավակ ունեցան և, փառք Աստծո, հինգն էլ առողջ, մտավոր բարձր կարողություններով և բարետես արտաքինով:
1969 թ. Մոսկվայի էստրադային թատրոնում Տիգրան Պետրոսյան-Բորիս Սպասսկի շախմատային մատչի ժամանակ մշտապես տեսնում էինք Սերգո Միկոյանին՝ շատ համակրելի ու զուսպ պահվածքով, համեստ ու ճաշակով հագնված: Նա Պետրոսյանի տարեկիցն էր և, հավանաբար, նրանք մտերիմներ էին:
Հանգամանքների բերումով ես տեսել եմ Անաստաս Իվանովիչին և նրա չորս որդիներին միաժամանակ: Դա 1970 թ. դեկտեմբերի 11-ի դաժան ցուրտ օրն էր (սառնամանիքը -30-ից էլ ցածր էր), երբ Նովոդևիչիե գերեզմանատանը վերջին հրաժեշտն էին տալիս աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Իվանովիչ Միկոյանին։ Հուղարկավորության արարողությանը մասնակցում էինք նաև մենք` հայ ուսանողների և ասպիրանտների մի խումբ: Արտեմ Իվանովիչին հողին հանձնեցին գերեզմանատան հին, վանքամերձ մասում գտնվող Միկոյանների և Թումանյանների տոհմական հատվածում:
Հուղարկավորումից հետո, երբ թափորն ընդհուպ մոտեցել էր ելքին, դեմ-հանդիման դուրս եկավ հուղարկավորման նոր թափորը, բոլորիս լավ ծանոթ ծխամորճով դիմանկարով: Դա մեր մյուս աշխարհահռչակ հայորդին էր, XX դարի խոշորագույն ֆիզիկոսներից մեկը՝ ակադեմիկոս Աբրահամ Իսահակի Ալիխանովը: Շատ տխուր զուգադիպություն էր, սիրելի ընթերցող. նույն օրը, գրեթե միաժամանակ հողին էինք հանձնում մեր ժողովրդին հավերժական փառք բերած երկու մեծ հայորդիների:


Անաստաս Իվանովիչը ճշտեց հուղարկավորվողի ով լինելը, հետ դարձավ ու մինչև վերջ, այն էլ գլխաբաց՝ այդ սոսկալի սառնամանիքին, կանգնած մասնակցեց սգո հրապարակում կայացող միտինգին: Բնականաբար, այդ օրը միշտ նրա կողքին էին որդիները՝ Ստեփանը և Ալեքսեյը ՝ գեներալական համազգեստներով, Վանոն և Սերգոն: Եվ հենց այս հերթականությամբ էլ նրանք կողք կողքի կանգնած, զուսպ, համեստ պահվածքով, շատ համակրելի մի քառյակ էին ներկայացնում, հիանալի հայկական կվարտետ:
Սգո միտինգի ավարտից հետո Անաստաս Իվանովիչը մոտեցավ և ցավակցեց Ալիխանովի տիկնոջը, աղջկան, ողջագուրվեց որդու՝ նշանավոր դաշնակահար Տիգրան Ալիխանովի և եղբոր՝ ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի հետ, հրաժեշտ տվեց բոլորին ու... գնաց:
ՈՒզում եմ «Իրատեսի» ընթերցողներին ներկայացնել Անաստաս Իվանովիչի կրտսեր որդու՝ Սերգո Միկոյանի խոսքը հոր մասին, իմ կարծիքով, անաչառ և արդարամիտ:
«Նա երբեք չէր ձգտում դեպի վեր, դեպի բարձրագույն պաշտոններ: Ընդհակառակը, միշտ համառորեն հրաժարվում էր պաշտոնի բարձրացումներից և համաձայնվում էր, միայն ենթարկվելով կուսակցական կարգապահությանը: Այդ պատճառով ոչ մի «առաջին», ի դեմս նրա, չէր տեսնում վտանգ իր դեմ:


Ամբողջովին նվիրվում էր աշխատանքին, ուներ նաև «համակարգչային» հիշողություն, որպես փայլուն և եռանդուն ղեկավար՝ միշտ ելք էր գտնում, թվում էր թե անելանելի իրադրություններում, «գլուխ էր դնում» և հաղթահարում էր բոլոր հանձնարարությունները, որ նրան տրվում էին առանց այն էլ հսկայական ծանրաբեռնվածությունից դուրս: Եվ չէր աշխատում հաջողությունը ներկայացնել որպես ինչ-որ սխրանք, պարզապես աշխատում էր և չէր ուռճացնում իր դերը:
Իրենից բարձր կանգնած ղեկավարների հետ վիճաբանելիս՝ Շահումյան, Լենին, Ստալին, Խրուշչով, ցուցաբերում էր տակտ, աշխատում էր վիճաբանությունները չհասցնել կտրուկ հակամարտության, կարողանում էր բացահայտել տարաձայնությունները և արտահայտել սեփական կարծիքը՝ չգցելով լիդերի, ում հետ որ վիճում էր, հեղինակությունը:
20-ական թվականներին անկեղծորեն լավ էր վերաբերվում Ստալինին, հարգում և գնահատում էր նրան, իսկ նա, որպես հիանալի հոգեբան, դա տեսնում էր:
30-ական թվականների կեսերից և հետո, լինելով ստալինյան սանձազերծված բռնությունների ականատեսը, ընդունակ եղավ կոմպրոմիսի գնալու սեփական խղճի հետ, թեկուզ և ձերբակալությունների պատճառով վիճում էր Ստալինի հետ, բայց ոչ մի պայքար չձեռնարկեց նրա դեմ, քանզի հաջողության ոչ մի շանս չուներ:


Մյուս ղեկավարներին, քաղբյուրոյի և կառավարության անդամներին լոյալ էր վերաբերվում, երբեք ինտրիգներ չէր սարքում, չէր աշխատում նրանց ներկայացնել հիմար տեսքով:
ՈՒներ կամքի բացառիկ ուժ, համոզելու զարմանալի ձիրք՝ հիմնված ուժեղ բնավորության, բնատուր սուր մտքի, տրամաբանության, գիտելիքների և փորձի վրա:
Կարողանում էր կոշտ և համառորեն պաշտպանել իր տեսակետը և գտնել այն կռվանները, որոնք ընդդիմախոսներին ստիպում էին զիջել: Դա հատկապես ցայտուն դրսևորվեց, երբ նա հարձակումներից պաշտպանում էր Խրուշչովին 1956 և 1957 թթ.: Այդ նույնը մի անգամ չէ, որ դրսևորվեց ԿԿ նախագահությունում Խրուշչովի օրոք՝ վերջինիս մի շարք նախաձեռնություններ քննարկելիս: Կյանքն ապացուցում էր Միկոյանի իրավացիությունը, որն ակամա նրա դատողությունների նկատմամբ հանգեցնում էր հարգանքի և հենց Խրուշչովի կողմից:
Կարողանում էր նաև գտնել կոմպրոմիսներ, որոնք թույլ չէին տալիս, նրա կարծիքով, սխալ որոշումների ընդունում:
Հնարավոր է, որ ոչ լրիվ այս թվարկման մեջ կարելի է գտնել հակասություններ, բայց արդյո՞ք դրանք անխուսափելի ուղեկիցը չեն յուրաքանչյուր մարդու բնավորության (եթե նա բնավորություն ունի)»:


«Իմ հայրը, անշուշտ, պատասխանատվություն է կրում երկրում քաղաքական իրավիճակի համար,- գրում է Սերգո Միկոյանը:- Նրան դրանից չի կարելի ազատել, ես չեմ էլ փորձում դա անել: Բայց չի կարելի պարզեցնել պատմությունը կամ նրա նկատմամբ կիրառել այսօրվա չափանիշները: Անաստաս Իվանովիչ Միկոյանը ամբողջ կյանքում, այդ թվում և բռնությունների ժամանակաշրջանում, ձգտում էր զբաղվել հասարակությանը օգտակար տնտեսական գործունեությամբ և, ինչքան կարող էր, ջանում էր մի կողմ մնալ ստալինյան «մսաղացից» կամ նույնիսկ արգելակել բռնությունները, ինչպես նաև կոնկրետ որևէ մեկին փրկել: Այդպիսի մի քանի դեպքեր հիշվում են այս գրքում: Իսկ Ստալինի պնդմամբ դառնալով արտաքին առևտրի ժողկոմ, նա հազարավոր մարդկանց փրկեց, քանի որ Ստալինը կատարեց Միկոյանի պայմանը՝ թույլ չտալ ծԽԹԺ-ին խառնվել իր ղեկավարած ժողկոմատի աշխատանքին: Ամբողջ 10 տարի արտաքին առևտրի ժողկոմատը դարձավ «անվտանգության կղզի» երկրում, որտեղ թագավորում էր ռեպրեսիվ օրգանների կամայականությունը: Միայն մի անգամ՝ 1948 թ., Պետական անվտանգության մինիստրությունը համոզեց Ստալինին Արտաքին առևտրի մինիստրության մի աշխատակցի ձերբակալելու անհրաժեշտության մեջ» (Анастас Иванович Микоян. Так было. Размышления о минувшем. М., 2014,- գրքի համար Սերգո Միկոյանի գրած առաջաբանից):


Սերգո Միկոյանը առանձնահատուկ նշում է Անաստաս Իվանովիչ Միկոյանի դերն ու մասնակցությունը ԽՍՀՄ արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրներին, հիշեցնում նրա բազմաթիվ առաքելությունների մասին: «Հարյուրավոր անգամներ արտասահմանում ես լսել եմ,- ասում է Սերգո Միկոյանը,- որ Անաստաս Միկոյանը Սովետական Միության արտաքին գործոց մինիստրն է: Բանն այն է, որ Ն. Ս. Խրուշչովը, նրանից առաջ նաև Ստալինը, շատ բարձր կարծիքի էր Միկոյանի ընդունակությունների մասին, այդ թվում նաև դիվանագիտական: Այդ առաքելությունները սկսվել էին դեռ Ստալինի օրոք, օրինակ, 1949 թ. փետրվարին, Չինաստանում, մինչև հեղափոխության հաղթանակը այդ երկրում, երբ նա երկարատև ու շատ բարդ բանակցություններ էր վարում Մաո Ցզեդունի հետ: Հատկապես կարևոր դեպքերում Նիկիտա Սերգեևիչը գերադասում էր հենց Միկոյանին ուղարկել արտասահման, այլ ոչ թե արտաքին գործերի մինիստրին (այդ պաշտոնը զբաղեցնում էր Շեպիլովը, հետո Գրոմիկոն): Նրա ուղևորությունների աշխարհագրությունը շատ լայն է, միայն երկրների թվարկումը կզբաղեցնի համարյա ամբողջ էջը»:


Դեռ այս դիվանագիտական առաքելություններից առաջ, 1936 թ. ամռանը, երբ Անաստասն ու Աշխենը իրենց հինգ որդիների՝ հինգ «միկոյանչիկների» հետ պատրաստվում էին մյուս օրը մեկնելու ծովափ` հանգստանալու, Ստալինը շատ անսպասելի Միկոյանին առաջարկում է մեկնել ԱՄՆ, այն էլ «քաղաքակիրթ» ձևով՝ կնոջ ուղեկցությամբ, օժտելով նրան ֆինանսական մեծ հնարավորություններով և լայն լիազորություններով, երկրի համար հույժ կարևոր սննդի ինդուստրիայի կազմակերպման ամերիկյան առաջավոր փորձն ընդօրինակելու և այն ԽՍՀՄ-ում ներդնելու առաքելությամբ, իհարկե, չմոռանալով խոստանալ երեխաների հանգիստը ոնց որ պետք է կազմակերպելու մասին: Միկոյանը փայլուն իրականացրեց իր առջև դրված խնդիրը, գնելով անհրաժեշտ սարքավորումներ և հոսքագծեր երկրի մեծ քաղաքներում սննդամթերքի մասշտաբային արտադրություն կազմակերպելու նպատակով, որից ժողովուրդն օգտվում է արդեն 80 տարի, ծանոթանալով տոմատի հյութի, խտացրած կաթի, պաղպաղակի, նրբերշիկի հետ, յուրացնելով բազմատեսակ երշիկեղենի, մսի և ձկան պահածոների զանգվածային արտադրության տեխնոլոգիաները:


Միկոյանի ավագ որդին, ավիացիայի գեներալ-լեյտենանտ, ԽՍՀՄ վաստակավոր ռազմական փորձարկող օդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու, Խորհրդային Միության հերոս Ստեփան Միկոյանը (12. 07. 1922- 24. 03. 2017) և կրտսերը, պատմական գիտությունների դոկտոր Սերգո Միկոյանը (5.06. 1929-6.03.2009), որը Լատինական Ամերիկայի պատմության ճանաչված մասնագետ էր, գլխավոր խմբագիրն էր «խՈՑՌվրՍՈÿ ԸՎպՐՌՍՈ» պատմագիտական հանդեսի, բավականին ակտիվ հանրային դեմքեր էին և շատ հաճախ որպես այդ խառնակ ժամանակների վկաներ, ականատեսներ, երբեմն նաև որպես իրադարձությունների մասնակիցներ, ներգրավվում էին տարբեր հաղորդումներում կամ բանավեճերում և իրենց անաչառ ու ճշմարիտ, միայն ու միայն ճշմարիտ խոսքն ու ասելիքը ներկայացնում:
Անաստաս և Աշխեն Միկոյանների երկրորդ որդին ՝ Վլադիմիրը (26. 01. 1924 - 18. 09. 1942), զոհվեց օդային մարտում, երբ ընդամենը 18 տարեկան էր:
Նրանց երրորդ որդին՝ ավիացիայի գեներալ-լեյտենանտ, փառաբանված կործանիչ օդաչու Ալեքսեյ Միկոյանը (20.12. 1925 - 19. 12. 1986) 1943 թ., դեռ 18 տարին չլրացած, մասնակցեց Հայրենական պատերազմին, հետագայում դարձավ իսկական ավիացիոն աս և շատ հաճախ հենց ինքն էր գլխավորում կործանիչ ինքնաթիռների էսկադրիլիաները ավիացիոն շքերթների ժամանակ: Առաջին խորհրդային օդաչուն էր, որ խփեց «երկիր-օդ» հրթիռը, արժանացել էր ԽՍՀՄ վաստակավոր ռազմական օդաչուի կոչման: 1950 թ. նա ամուսնացավ երկար տարիներ Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Գրիգոր Արտեմի Հարությունյանի որդեգրած դստեր` Նամիի հետ և ունեցավ երկու զավակ, դուստրը՝ Նինան, և որդին՝ Անաստասը, ապագա հանրածանոթ երգիչ, երգահան, նկարիչ, լուսանկարիչ, բեմադրիչ, մշակութային ճանաչված գործիչ Ստաս Նամինը: Ալեքսեյը, լինելով պրոֆեսիոնալ զինվորական, չկարողացավ հեռու մնալ իր շրջապատի բարքերից՝ օղի, կերուխում, կանայք, ինչը ի վերջո հանգեցրեց ամուսնալուծության Նամիի հետ` 1965 թ.: Հետագայում ամուսնության մի քանի անհաջող փորձերը նրան այդպես էլ կյանքի իր ուզած ընկերուհուն չարժանացրին, և Ալեքսեյ Միկոյանը շուտ հեռացավ կյանքից՝ հանկարծամահ լինելով իր 61-ամյակի նախօրեին:
Անաստաս Միկոյանի չորրորդ որդին՝ Վանո (Իվան) Միկոյանը (1.09.1927 -19. 12. 2016), տաղանդավոր ավիացիոն ինժեներ-կոնստրուկտոր էր, աշխատում էր իր աշխարհահռչակ հորեղբոր՝ Արտեմ Միկոյանի նախագծային բյուրոյում, Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր էր (1981 թ. ՄիԳ -21-ի և 1986 թ. ՄիԳ-23-ի համար), հիմնական ու կարևորագույն դերակատարում ունեցավ նաև ՄիԳ -29 գերազանց ճակատային կործանիչի նախագծային աշխատանքներում: Նա սուսուփուս զբաղված էր իր գործով և ասուլիսների չէր մասնակցում:
(շարունակելի)


Ջոն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 13281

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ